AM
1 November 2023 - 07:48 AMT

Երևանում Արցախի օպերատիվ շտաբը դադարեցրել է աշխատանքը

Արցախի օպերատիվ շտաբը, որը գործում էր Երևանի Աբովյան 9 հասցեում, դադարեցրել է աշխատանքը։ Նպաստ կամ երեխայի հաշմանդամության թոշակ ստանալու համար շտաբ գնացած արցախցիներին ասել են, որ կառույցը լուծարվել է։

Արցախի մշտական ներկայացուցչությունից որևէ տեղեկություն չեն տրամադրել, թե երբվանից է դադարեցվել շտաբի աշխատանքը, հայտնում է Sputnik Արմենիան։

Դեռ հոկտեմբերի 20-ին հայտարարվել էր, որ օպերատիվ շտաբը դադարեցնելու է աշխատանքները, սակայն ամսաթիվ չէր նշվել։ Հաղորդագրության մեջ միայն ասվում էր, որ բռնի տեղահանվածների աջակցության աշխատանքները համակարգում է ՀՀ կառավարության Հումանիտար կենտրոնը, և առաջացող բոլոր հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար պետք է զանգել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով, կամ դիմել Միասնական սոցիալական ծառայության տարածքային (մարզային) կենտրոններ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։