AM
2 November 2023 - 08:53 AMT

Սանոսյան․ Անկլավների հարցը քննարկման ենթակա է և պետք է լուծվի փուլերով

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով անկալվների հարցին, ասել է, որ այդ խնդիրը երկու կողմն էլ ունի՝ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը, թեև, չգիտես ինչու, խոսվում է միայն ադրբեջանական պահանջների մասին։ Նա հավելել է, որ այդ հարցը ենթակա է քննարկման և պետք է փուլ առ փուլ լուծում ստանա։

«Եթե խաղաղություն հաստատվի, աշխատեն հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովները, իրականացվի սահմանազատում և սահմանագծում, այն հարցերը, որոնք տարածաձնություններ են առաջացնում, հերթով կքննարկվեն։ Կարծում եմ, որ որոշակի լուծումներ կգտնվեն»,–ասել է նա Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Նա հիշեցրել է, որ հաճախ են խոսում ճանապարհների և երկաթուղիների ապաշրջափակման մասին, սակայն ՀՀ–ն և Ադրբեջանը կապված էին նաև գազամուղներով, էլեկտրահաղորդման գծերով։

«Հետագայում, խաղաղության հաստատման պարագայում, հնարավոր կլինի քննարկել նաև ամբողջ ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունը»,–ասել է Սանոսյանը։

Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանից գազ գնել երկու երկրների միջև քաղաքական տարաձայնությունների կարգավորումից հետո:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը խոսում է 8 գյուղերի մասին, սակայն հայկական կողմն էլ նույնքան գյուղերի հարց ունի, քանի որ Տավուշի շրջանի մի քանի գյուղերին պատկանող տարածքներ օկուպացված են Ադրբեջանի կողմից։