2024 թվականի պետբյուջեից ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 345 միլիարդ 417 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա ծախսերի համեմատ 95 միլիարդ 148 միլիոն դրամով կամ38 տոկոսով ավելի է:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության մյուս տարվա բյուջեն աննախադեպ է համարում:
«Էական ավելացել է բյուջեն, հաշվի առնելով ըստ տարիների դինամիկան` կարող ենք ասել, որ սա աննախադեպ ավելացում է, որովհետև այսպիսի մեծ ծավալով ավելացում նախորդ տարիներին չի եղել, նման ծավալի աճ առաջին անգամ ենք գրանցում», – նշել է նախարարը, գրում է Aysor.am-ը։
Ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը 2024 թվականի պետական բյուջեի նախնկան քննարկման ժամանակ ասել է, որ ծախսերում 216 միլիարդ 398 միլիոն դրամը կազմում են ընթացիկ ծախսերը, 129 միլիարդ դրամ նախատեսված է կապիտալ ծախսերի համար։
Անդրեասյանը նախարարության կապիտալ ծրագրերից առանձնացրել է 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի ծրագիրը: Այս պահին, նրա խոսքով, ավարտվել է 26 դպրոցի կառուցումը, մինչև 2023 թվականի ավարտը ևս 8 դպրոցի կառուցում ավարտին կհասցվի:
«Ընդհանուր առմամբ, տարեվերջի դրությամբ 34 դպրոցներում աշխատանքներն ավարտված կլինեն, իսկ 2024 թվականի սկզբի դրությամբ շինարարության ընթացքում կլինի 41 դպրոց, որոնցից 21-ի շինարարությունը կավարտվի 2024-ին», – ասել է նա:
2024 թվականի դեկտեմբերին շինարարությունն ավարտված կլինի 55 դպրոցներում, մնացած դպրոցների շինարարությունը կավարտվեն 2025-2026 թվականներին: