Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով կարմրուկով պայմանավորված իրավիճակը, ասել է, որ իրավիճակը վերահսկելի է։
Նա նշել է, որ այս պահին բռնկումը գնում է դեպի մարում, հայտնում է Aysor.am-ը։
«Իհարկե, մեր զգոնությունը դրանից չի իջնում, հնարավորինս բոլոր ԲԿ-ներում բոլոր նախանշանները, որոնք կարող են լինել կարմրուկի պարագայում, հետաքննվում են և արվում են բոլոր հետազոտական աշխատանքները, որպեսզի որևէ բան բաց չթողնենք։
Այո՛, ցավալի է, որ ունեցել ենք բալիկի մահվան դեպք։ Ցավով նշեմ, որ բալիկը պատվաստված չի եղել և ունեցել է այլ հիվանդություն, որն իրավիճակն ավելի բարդացրել է։ Դրա համար բոլոր պատվաստումները թող չուշացնեն, որպեսզի նման դեպքեր չունենանք։ Մինչ քովիդը ունեինք 93-94 տոկոս պատվաստում, քովիդի ժամանակ բավական իջել էր, քանի որ ունեինք աշխատանքների խաթարում։ 2022-ին վերականգնել ենք մեր ցուցանիշները, հույս ունենք, որ այս տարի ևս պետք է ունենանք բավարար ցուցանիշ»,–ասել է նախարարը։
Ավանեսյանը հավելել է, որ խնդիր է դրվել՝ հասնել պատվաստումների 95-96 տոկոսի, ըստ տարիքային շեմի։ Նա նշել է, որ և ամեն ինչ պետք է անեն, որ դրան հասնեն։
Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է: Կարմրուկը խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որին բնորոշ է բարձր ջերմությունը, տարածուն բծավոր ցանը և հազը, հարբուխը կամ շաղկապենաբորբը:
Թեև կարմրուկը համարվում է մանկական վարակ, բայց վերջի տարիների վարակի 1/3-րդ դեպքերը արձանագրվում է մեծահասակների շրջանում: Mոտ 30 տոկոս դեպքերում կարող են զարգանալ նաև հիվանդության բարդություններ` թոքաբորբ, լարինգո-տրախեաբրոնխիտներ, միջին ականջի բորբոքում, գլխուղեղի և նրա թաղանթի բորբոքում: