Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 16,646 երեխա արդեն տեղավորվել է Հայաստանի դպրոցներում: Այդ մասին ԱԺ-ում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Մենք ունենք տեղեկատվություն 21 հազարից ավելի երեխաների մասին, մեր աշխատանքները շարունակվում են, որ բոլոր երեխաները լինեն դպրոցներում», – ասել է նա, գրում է Aysor.am-ը։
Նախարարը նշել է, թե պլանավորել են երեխաների ավելի համաչափ տեղաբաշխվածություն, որ ֆինանսական հարցերն էլ ավելի ճիշտ կառավարեն:
«Ի սկզբանե երեխաները պետք է ընդունվեն այն դպրոցները, որտեղ թերծանրաբեռնված են ու որտեղ կան ազատ տեղեր, եթե տվյալ բնակավայրի միակ դպրոցը չեն կամ՝ եթե տվյալ բնակավայրում բոլոր դպրոցները ծանրաբեռնված չեն։ Մնացած բոլոր դեպքերում փորձել ենք հնարավորինս համաչափ բաշխել, որ համակարգի վրա ծանրաբեռնվածությունն ավելի համաչափ լինի», – ասել է Անդրեասյանը:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։