ԱԱԾ ստորաբաժանում է ստեղծվել, որը կապահովի ՀՀ-ով անցնող կոմունիկացիաների անվտանգությունը։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլորովին վերջերս մենք ներկայացրինք «Խաղաղության խաչմերուկ» մեր նախագիծը: Այդ նախագծի ներկայացման շրջանակներում ես տեղեկացրեցի, որ նախատեսում ենք Հայաստանի ԱԱԾ կազմում ստեղծել ստորաբաժանում, որի գործառույթը պետք է լինի Հայաստանով անցնող տարածաշրջանային և միջազգային կոմունիկացիաների, այն է՝ ճանապարհների, երկաթգծերի, գազամուղների, մալուխների, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև այս կոմունիկացիաներով ապրանքների, բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունն ապահովելը: Ուզում եմ տեղեկացնել, որ այդ ստորաբաժանումն արդեն իսկ ստեղծված է»,–ասել է նա։
Վարչապետը պարզաբանել է, որ նախկինում այդ ուղղությամբ որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացրել էին, քանի որ պլաններում դա կար։
«Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ստորաբաժանումն արդեն իսկ ձևավորված է, բավականին շոշափելի մասով համալրված է, և արդեն իսկ գործնականում նոյեմբերի 1–ից սկսել է իր աշխատանքները»,–ասել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 26–ին Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովում ելույթում, անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, հայտարարել էր, որ առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում կստեղծվի հատուկ ստորաբաժանում։
Հայաստանի իշխանությունները մշտապես բոլոր հարթակներում կրկնում են, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չեն քննարկում և չեն քննարկի, սակայն կողմ են ճանապարհների բացմանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքը» բացելուն, այն կարող է անցնել Իրանով: