AM
2 November 2023 - 14:51 AMT

Ավելի քան 528 մլն դրամ կհատկացվի կառուցված, հիմնանորոգված դպրոցների գույքով ապահովմանը

Ավելի քան 528 մլն դրամ կհատկացվի կառուցված, հիմնանորոգված դպրոցների գույքով ապահովմանը։ Կառավարության որոշմամբ այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև վերաբաշխում կկատարվի»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դպրոցների շինարարության ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս առաջարկություններ, նախաձեռնություններ, որոնք ավելի են լավարկում այդ ծրագրերը: Անդրադառնալով դպրոցների գույքով ապահովմանը՝ վարչապետը մեկ անգամ էլ հանձնարարել է, որ այդ գործընթացում բացառել հին գույքերի ներգրավումը:

248 մլն 546 հազար դրամ կուղղվի 2021-2022թթ.-ին կառուցված/հիմնանորոգված դպրոցների գույքով ապահովմանը, մինչև տարեվերջ վերակառուցումն ավարտվող դպրոցների մարզադահլիճների շինարարության ծավալների ավելացմանը: Խոսքը 14 դպրոցի մասին է։

Մեկ այլ որոշմամբ էլ վերաբաշխման միջոցով 279 մլն 945 հազար դրամ կհատկացվի մինչև տարեվերջ կառուցումն ավարտվող դպրոցների, Գեղարքունիքի մարզի թվով 96 դպրոցի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՀԾ-Ձեռնարկություն ծրագրով ապահովմանը: Նախատեսվող հատկացումները հիմնականում պայմանավորած են 2023թ.-ին ավարտվող շինարարական օբյեկտների գույքով ապահովման անհրաժեշտությամբ: Նշվածը վերաբերում է թվով 6 մոդուլային դպրոցի և Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում կառուցված և կառուցվող թվով 8 դպրոցի գույքով ապահովման ծրագրերին:

Մոդուլային դպրոցների կառուցման ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ ընտրված է 25 հաստատություն, որոնցից 2-ի շինարարական աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են (Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոց և Արմավիրի մարզի Արգինայի միջնակարգ դպրոց), ևս 9-ինը ավարտվում է այս տարի։ 2022թ.-ին պետբյուջեի միջոցների հաշվին որոշակի տեսակների և քանակությամբ գույք է հատկացվել թվով 6 դպրոցի (Դեղձուտ միջնակարգ դպրոց, Արգինայի միջնակարգ դպրոց, Հագվու հիմնական դպրոց, Ջրառատի միջնակարգ դպրոց, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց և Եղեգիսի միջնակարգ դպրոց):

Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 66,103.3 հազար դրամ մոդուլային դպրոցների գույքով ապահովման համար: Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում մինչև տարեվերջ նախատեսված է թվով 7 դպրոցի կառուցման ավարտ, որի համար նախատեսվում է հատկացնել 141,148.9 հազար դրամ: Մինչև տարեվերջ կառուցումը կավարտվի և գույքով կապահովվի նաև Մասիսի թիվ 5 ավագ դպրոցը, որի շինարարությունը մեկնարկել էր 2021թ.-ին:

Գույքի ձեռքբերման համար գումար է հատկացվում նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին թվով 96 դպրոցի գույքի ձեռք բերման նպատակով: