AM
3 November 2023 - 08:21 AMT

Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին Բաքվից ստացված առաջարկներին. Դրանց փոխանակման 6-րդ փուլն է ընթանում

Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ, Բաքվից ստացված առաջարկներին: Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է «Ազատությունը»։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտարարել էր, որ հայկական կողմն ադրբեջանական կողմին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի հինգերորդ խմբագրումը, սեպտեմբերի 16-ին ստացել են ադրբեջանական կողմի նոր առաջարկները։

Արարատ Միրզոյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024-ի պետբյուջեի քննարկման ժամանակ ասել է, որ Երևանի և Բաքվի միջև ընթանում է առաջարկների փոխանակման 6-րդ փուլը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` չնայած Ադրբեջանը խաղաղության օրակարգից շեղվելու փորձեր է անում, այդուհանդերձ, այդ օրակարգի ուղղությամբ Երևանի կուրսը շարունակվում է։

Ինչպես նշել է Միրզոյանը, Հայաստանը հույս ուներ, որ Գրանադայում կհաջողվի մեծ քայլ կատարել խաղաղության օրակարգի իրականացման ճանապարհին, սակայն, ցավոք, Ադրբեջանի նախագահը անհրաժեշտ կամ նպատակահարմար չհամարեց մասնակցել այդ գագաթնաժողովին: Չնայած դրան, Գրանադայում ստորագրվեց հռչակագիր, որն, ըստ ՀՀ ԱԳ նախարարի, հիմք է Ադրբեջանի հետ ապագա խաղաղության պայմանագրի համար:

Նա հիշեցրել է, որ այդ պայմանագրի առաջին սկզբունքը վերաբերում է կողմերի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը՝ Հայաստանը ցանկանում է առավելագույն կոնկրետություն ապահովել այս հարցում, ինչի պատճառով էլ կոնկրետ թվեր են նշվում 2 երկրի տարածքների մասով։

«Պայմանագրի 2-րդ սկզբունքը կապված է երկու երկրների սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հետ, գործընթացը պետք է իրականացվի խորհրդային շրջանի ամենաթարմ և լեգիտիմ քարտեզների հիման վրա: Այդ քարտեզները կազմվել են 1974-1978 թթ. և, մեծ հաշվով, դելիմիտացիան պետք է տեղի ունենա ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցող սահմանների հիման վրա»,– նշել է Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ նման մոտեցումը վայելում է միջազգային հանրության ըմբռնումը, և ինքը կհամարձակվի ենթադրել, որ ընդհանուր առմամբ դրա ըմբռնում կա նաև ադրբեջանական կողմի մոտ:

Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը։ ԱԳ նախարարը կրկին հայտարարել է, որ Հայաստանը ոչ միայն դեմ չէ ապաշրջափակմանը, այլև իրեն համարում է այդ կոմունիկացիաների բացման հիմնական շահառուներից մեկը: Միրզոյանը վստահեցրել է` Երևանի մոտեցումը մնում է նույնը. բոլոր հաղորդակցությունները պետք է գործեն այն երկրների իրավազորության ներքո, որոնց տարածքով դրանք անցնում են՝ իրավահավասարության և փոխադարձության հիման վրա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության3 հիմնական սկզբունքը համաձայնեցված է։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերին Թեհրանում էին ոչ պաշտոնական շփում ունեցել: Իսկ երկու երկրների ղեկավարների մակարդակով հոկտեմբերին նախատեսված հանդիպումները չկայացան: Նախ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց Գրանադայի բանակցություններին մեկնել, իսկ հետո էլ պարզ դարձավ, որ չի կայանա նաև հոկտեմբերի վերջին Բրյուսելում նախատեսված Միշել-Փաշինյան- Ալիև հանդիպումը։