Նոյեմբերի 2-ին կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ, այցելել է Կոտայքի թեմի Ծաղկաձորի թեմապատկան ճամբար, որտեղ ապաստան է գտել Արցախից բռնի տեղահանված 38 ընտանիք։
Կաթողիկոսն ընդգծել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի տեղահանվածների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Տեղահանված արցախցիներին թեմապատկան կառույցներում կացարաններով ապահովմանը և սոցիալական աջակցության ծրագրերին զուգահեռ իրականացվում է նաև հոգեխնամ առաքելություն։
Գարեգին Երկրորդն արցախահայերին պատգամել է զինվել հավատքով, հույսով և ապագայի նկատմամբ լավատեսության ոգով։ Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ Աստծո օգնականությամբ և միասնական ջանքերով Արցախի զավակները կկարողանան հաղթահարել իրենց առջև ծառացած փորձություններն ու մարտահրավերները։
Կաթողիկոսն ու ԳՀԽ անդամները նաև հետաքրքրվել են արցախցիների կեցության պայմաններով, նրանց կարիքներով՝ ընդգծելով, որ աջակցության ծրագրերը կլինեն շարունակական:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։