AM
3 November 2023 - 11:45 AMT

Մարուքյան․ Ահա, թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տներում

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանը, որը հավաստիացնում էր, թե պատրաստ է ապահովել ԼՂ հայերի անվտանգությունն ու իրավունքները, նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, նրանց ունեցվածքի, այդ թվում՝ մանկական խաղալիքների պահպանությունը։

Նա տեսանյութով է կիսվել՝ գրելով՝ ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տներում։

«10 ամիս շրջափակման մեջ պահելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ հայերի էթնիկ զտում իրականացնելով ԼՂ ամբողջ տարածքում։

Ահա թե ինչ են անում ադրբեջանցիները հայերի լքված տներում: Մինչդեռ միջազգային հանրությունը շարունակում էր պնդել, որ Ադրբեջանը պարտավոր է երաշխավորել հայերի իրավունքներն ու անվտանգությունը, իսկ Ադրբեջանը պատասխանում էր, որ անպայման կապահովի այդ ամենը։

Սակայն, պարզվում է, որ Ադրբեջանը նույնիսկ չի ապահովում հայերի դատարկ տների, այդ տներում նրանց գույքի, այդ թվում՝ մանկական խաղալիքների անվտանգությունը։ Այնուամենայնիվ, այդ վայրենությունը ոչ մի պատժամիջոց կամ դատապարտում չի ստանում նույն միջազգային հանրության կողմից»,–ասվում է Մարուքյանի գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։