Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը: Այդ մասին ասվել է Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի ժամանակ, որը նախագահում էր կաթողիկոս Գարեգին Բ–ն:
Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես են եկել Արցախի թեմի առաջնորդը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
Ժողովի ժամանակ քննարկվել են պետության առաջ ծառացած հետպատերազմյա մարտահրավերները, Արցախից բռնի տեղահանվածների հիմնախնդիրները, ինչպես նաև Արցախի մշակութային ու հոգևոր ժառագության պահպանման հետ կապված հարցերը։ Զեկույցով հանդես է եկել նաև Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Արցախի թեմի լուծարումը տեղի չի ունենա, ինչպես, ցավոք սրտի, լուծարվեց Արցախի պետականությունը։ Վեհափառ հայրապետն ի ուրախություն բոլորիս հայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարվելու, այլ գործառույթները մի փոքր կփոխվեն, և ինքն իր նպատակների համար կծառայի։ Սա կնշանակի, որ մենք մեր սրտում կունենանք երազանք` նորից վերադառնալու Արցախ»,– ընդգծել է տեր Վրթանեսը։
Հաջորդ օրվա նիստին զեկույցով հանդես է եկել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: Ներկայացրեց Հայաստանում թմրամոլության աճի հետ կապված իրավիճակը:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։