Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 3-ին այցելել է Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադ։ Բալահովիտում գտնվող զորամասում Բերբոքը հանդիպել է ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանի հետ, զրուցել հայ խաղաղապահների հետ, ծանոթացել նրանց անցած ուղուն, տարբեր երկրներում խաղաղության առաքելությունների մասնակցությանը, հայտնում է Արմենպրեսը։
Գերմանիայի ԱԳ նախարարը նաև ականատես է եղել ցուցադրական վարժանքին։
Վերջում հայ խաղաղապահները Բերբոքին են նվիրել հայկական տառատեսակի զարդապատկերով կտավ։
Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել հայ խաղաղապահների ներգրավվածությունը միջազգային խաղաղապահ կոնտինգենտի տարաբնույթ առաքելություններում։
Նոյեմբերի 3–ին մեկնարկել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան։ Տեղի է ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը։
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նա նաև կայցելի Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն: