Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն արձագանքել է «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական գործիչ Արծվիկ Մինասյանի հայտարարություններին ու մանրամասնել, որ որևէ կապ չի ունեցել Ազգային կոմիտեի ու դրա ձախողման հետ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նա նաև նշել է, որ երբ անհրաժեշտ համարի ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործի ինքնուրույնաբար։
«Ստիպված եմ անդրադառնալ Սպուտնիկ Արմենիայի «Աբովյան Time» հաղորդման եթերում նոյեմբերի 3–ին Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, ով ««Ազգային կոմիտեի» ձախողման իրական պատճառների մասին» խոսելով, նշել է, թե «իրենց կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ` Արման Թաթոյանի գլխավորությամբ (…)։ Պայմանն էլ եղել է մեկը, որ կաթողիկոսներն ու նախկին բոլոր նախագահները պետք է հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, սակայն առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանից բացասական արձագանք են ստացել, ուստի գաղափարը չի իրացվել»։
Նախ, ինքս որևէ կապ չունեմ և չեմ ունեցել ԱԺ պատգամավորի նշած քաղաքական գործընթացների և Ազգային կոմիտեի, դրա քննարկումների հետ։ Ինձ հետ որևէ անգամ չի քննարկվել «ժամանակավոր կառավարություն» ձեւավորելու կամ այն գլխավորելու հարցեր։
Այդ գործընթացների ձախողման պատճառներն իմ անվան հետ կապված համատեքստում քննարկելը տարօրինակ է ու անհասկանալի։
Հայաստանի անվտանգության ահագնացող հիմնախնդիրները, Արցախի հայերի բռնի տեղահանումը, հայկական ինքնությանը սպառնացող վտանգները, Հայաստանում հասարակության ներքին պառակտումն ու թշնամանքը, Սփյուռքի հետ համակարգային խզված կապերը պահանջում են հրատապ լուծումներ: Այս հարցերը խորապես մտահոգում են ինչպես մեր յուրաքանչյուր հայրենակցի, այնպես էլ ինձ:
Ես ինքս երբևէ չեմ խուսափել պատասխանատվություն ստանձնելուց, և իմ գործունեությունը մշտապես մեր հանրության աչքի առաջ է։
Նորից եմ կրկնում այն, ինչ արդեն 1 անգամ հրապարակայնորեն ասել եմ 1 տարի առաջ՝ ակտիվ հանրային գործունեությամբ զբաղվում եմ, բայց որևէ քաղաքական ուժի չեմ հարում և չունեմ որևէ այլ առնչություն քաղաքական որևէ ուժի հետ:
Երբ անհրաժեշտ համարեմ ներգրավվել որևէ քաղաքական գործընթացի մեջ, ապա կգործեմ ինքնուրույնաբար ու դրա մասին կհայտարարեմ հստակ: Ընդ որում, կառաջնորդվեմ պետության անվտանգության, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների երաշխավորման, ազգային արժեքների պաշտպանության, հանրային համերաշխության վերականգնման օրակարգով»,-գրել է Թաթոյանը։
Նոյեմբերի 3–ին մեկնարկել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան։ Տեղի է ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը։
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նա նաև կայցելի Եվրամիության դիտորդական առաքելություն և Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման կենտրոն: