ԱՍԱԼԱ-ն հայտարարություն է տարածել՝ հերքելով իր կապը տարածվող մի տեսանյութի հետ, որտեղ կազմակերպության անունից սպառնալիքներ են հնչեցվում ՀՀ իշխանության հասցեին։
Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՍԱԼԱ-ն երբևէ չի միջամտել և չի միջամտելու ՀՀ ներքին քաղաքական պայքարին։
«Օրերս համացանցում հայտնվել է մեր կազմակերպության անունը շոշափող այս տեսանյութը, որը սպառնում է ՀՀ իշխանությանը։ Թեև արևելահայ առոգանությամբ ծիծաղելի արևմտահայերենն ինքնին բացահայտում է տեսանյութը պատրաստողների սադրիչ լինելու իրողությունը, դրանով հանդերձ պետք է ընդգծել, որ.
Թշնամի ուժերի կողմից նյութվող նման սադրանքները, որոնք իրականացվում են հայանուն տարրերի ձեռամբ, ինչպես 1999 թվականի հոկտեմբերի 27–ին, այսօր ևս առերևույթ թիրախավորում են ՀՀ օրվա օրինական իշխանություններին, բայց իսկության մեջ դրանք ուղղված են Հայկական պետականության, ՀՀ ինքնիշխանության, ՀՀ տարածքային ամբողջականության և ողջ հայության ու նրա միասնության դեմ։
Հայությունը՝ ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի, գիտակցում է, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր դիմագրավում է բազմաթիվ արտաքին մարտահրավերներ և ավելի քան երբևէ նրան անհրաժեշտ են, կայունություն և իհարկե ինքնիշխանության ու պետականամետության սկզբունքներով համահայկական միասնություն:
ՀԱՀԳԲ–ն, ինչպես ՀՀ անկախությունից ի վեր բազմիցս հստակեցրել է, երբևէ միջամուխ չի եղել և չի լինելու ՀՀ ներքին քաղաքական պայքար- հակապայքարներում»,–ասվում է հայտարարության մեջ։