AM
4 November 2023 - 12:30 AMT

ՌԴ–ն հետախուզում է հայտարարել գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ

ՌԴ ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ, որին ռուսական մամուլում անվանում են «Սոչիի ստվերային տիրակալ»։

Ըստ «Ժիվայա Կուբան» պարբերականի, առավելապես Ռոբսոն մականունով հայտնի գործարարը սեփականություն ունի ոչ միայն ՌԴ–ում, այլև Չեխիայում և Ավստրիայում։ Թաթուլյանը ՌԴ–ում մի քանի խոշոր առևտրային կենտրոններ ունի, նրան է պատկանում Ադլերի «Վեսնա» պանսիոնատը։ Նա նաև սպորտային ըմբշամարտի Սոչիի ֆեդերացիայի նախագահն է և Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Կարելինի օգնականը։

Շեշտվում է նաև, որ նա օրենքով գող չէ։

Չի նշվում, թե ՌԴ ՔՕ որ հոդվածով է նա հետախուզվում։ Նշվում է, որ նա դիվանագիտական անձնագիր ունի, որը տրվել է Աբխազիայում 2020–ին, գրում է ՏԱՍՍ–ը։

Ավելի վաղ «Իզվեստիան» հայտնել էր, որ Սոչիում խուզարկություններ են իրականացվել նրան պատկանող կենտրոններից մեկում՝ հողօգտագործման ոլորտում բազմամիլիարդանոց հափշտակությունների կասկածանքով։

Ենթադրվում է, որ գործարարը Ռուսաստանում չէ։

Թաթուլյանը 2017 թվականին հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ, սահմանափակող միջոցները տարածվել են Սոչիում գտնվող նրա «Վեսնա» հյուրանոցի և Մոսկվայում գրանցված «Նոր դար Մեդիա» ՍՊԸ-ի վրա։