Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի Ոստան գյուղում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։
Գերմանիայի արտաքին գործերի նախարարը շփվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ, ծանոթացել նրանց կեցության պայմաններին, հայտնում է Արմենպրեսը։
Բերբոքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Գերմանիան 9․3 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին՝ որպես աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։
Մինչ այդ Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել էր Արարատի մարզի Երասխ համայնք, որտեղ ԵՄ դիտորդները նրան ներկայացրել էին իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածում։
Նոյեմբերի 3–ին մեկնարկել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան։ Տեղի է ունեցել Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների առանձնազրույցը, որին հաջորդել է համատեղ մամուլի ասուլիսը։ Բերբոքին ընդունել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: