Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ողջունել է Արցախի թեմը պահպանելու Գերագույն հոգևոր խորհրդի որոշումը՝ անվանելով այն ճիշտ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
«Գերագույն հոգևոր խորհուրդը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ, նոյեմբերի 3-ին ճիշտ որոշում է կայացրել` պահպանելու Արցախի թեմը և նրա կարգավիճակը:
Ողջունում եմ Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի 2023թ. հոկտեմբերի 31-նոյեմբերի 3-ի ժողովի հայտարարությունն այս առնչությամբ և անդրադարձն արցախահայության իրավունքների խախտումներին ադրբեջանական ցեղասպան գործողությունների հետևանքով (հենց նման ձևակերպմամբ):
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես մեծագույն դեր է ունեցել և շարունակում է ունենալ միջազգային, միջեկեղեցական ու միջկրոնական, բոլոր հնարավոր այլ միջազգային հարթակներում հայկական հուշարձանների, սրբավայրերի նկատմամբ ոտնձգությունները, մեր հայրենակիցների իրավունքների խախտումները (խոշտանգումներ, սպանություններ, բռնի տեղահանումներ և այլն) հետևողականորեն ներկայացնելու, իրավունքները պաշտպանելու հարցում»,–ասվում է գրառման մեջ։
Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը: Այդ մասին ասվել է Գերագույն հոգևոր խորհրդի քառօրյա ժողովի ժամանակ, որը նախագահում էր կաթողիկոս Գարեգին Բ–ն: Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես են եկել Արցախի թեմի առաջնորդը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Զեկույցով հանդես է եկել նաև Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
«Արցախի թեմի լուծարումը տեղի չի ունենա, ինչպես, ցավոք սրտի, լուծարվեց Արցախի պետականությունը։ Վեհափառ հայրապետն ի ուրախություն բոլորիս հայտարարեց, որ Արցախի թեմը չի լուծարվելու, այլ գործառույթները մի փոքր կփոխվեն, և ինքն իր նպատակների համար կծառայի։ Սա կնշանակի, որ մենք մեր սրտում կունենանք երազանք` նորից վերադառնալու Արցախ»,– ընդգծել է տեր Վրթանեսը։