2024 թվականին առողջահության ոլորտին հատկացվելու է 168 միլիարդ 22 միլիոն դրամ, որը 21 մլրդ դրամով՝ 14 տոկոսով ավելի է, քան 2023–ին։ Այդ մասին 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2024 թվականի պետական բյուջեով առողջապահահության ոլորտին հատկացված գումարը, 2018 թվականի համեմատ, կկրկնապատկվել է, հայտնում է Panorama.am-ը։
Ավանեսյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին առողջապահության հատկացված պետական բյուջեն բաղկացած է երկու հատվածից, առաջինը՝ պետական պատվերի, կապիտալ ծախսերին ուղղվող միջոցներն են։
«Եվ արդեն իսկ ունենք 18 մլրդ դրամ հատկացված գումարը, որը տարվա կեսից կուղղվի ապահովագրական համակարգի ներդրմանը։ 2023 թվականի փետրվարի 2-ին կառավարությունը հավանություն է տվել ապահովագրական համակարգի հայեցակարգին, որը բավական ծավալուն, բայց նաև շատ հստակ սկզբունքներ, մոդել, կառուցվածք ամրագրող փաստաթուղթ է։ Շուտով կունենանք նաև օրենսդրական մեծ փաթեթի քննարկում Ազգային ժողովում»,-հայտնել է Ավանեսյանը։
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասել է, որ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը նախատեսվում է սկսել 2024 թվականի կեսերից, որը կշարունակվի մինչև 2026 թվականը և ծրագրի միջնաժամկետ ծախսերը հաշվարկված և պլանավորված են, հայտնում է Panorama.am-ը։
Զեյնալյանի խոսքով՝ առաջիկայում խորհրդարան կբերվի մեծ փաթեթ, պետք է ընդունվի օրենքը, որի հիման վրա կառավարությունն արդեն իսկ այդ օրենքից բխող տրամաբանությամբ կիրականացնի բոլոր միջոցառումները՝ հիմնադրամի ստեղծումը, կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծումը և այլն։
Ավանեսյանը տեղեկացրել է, որ առաջին անգամ առողջապահական ծառայությունների համար գները հաշվարկվելու են՝ ելնելովիրատեսական, ծառայությունների մեջ մտնող ամեն հատվածի վերաբերյալ ծախսերի հաշվարկից, որի արդյունքում արդեն կձևավորվի ընդհանուր փաթեթի արժեքը։
«Սա շատ լուրջ փոփոխություն է, որովհետև տարիների ընթացքում գնային փոփոխությունները շատ հատվածական են իրականացվել և ավելի շատ հիմնված են եղել առկա միջոցների և հնարավորությունների վրա, բաշխվել են ըստ առաջնահերթությունների և հնարավորինս ուղղված են եղել բավարարելու այն հիմնարար կարիքները, որոնք մեր բնակչությունն ունի։ Այսինքն՝ այս երեք ուղղությունների հաշվարկներն արդեն իսկ ավարտական փուլում են, պատրաստ են, և օրենսդրական քննարկումների ընթացքում մենք դրանք ևս ձեզ կներկայացնենք»,-հայտնել է առողջապահության նախարարը։