AM
6 November 2023 - 13:38 AMT

Լևոն Քոչարյանը պատգամավորական մանդատ է ստացել

ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ ԱԺ մանդատ է ստացել «Հայաստան» խմբակցության կազմում։

«Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։ Ինքնաբացարկների դիմումներն օրենքով սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններս նիստին ներկա չեն եղել։

Պատգամավորական մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին»,–ասվում է հայտարարության մեջ։

Լևոն Քոչարյանի փաստաբանական թիմի հայտարարության համաձայն՝ 2023 թվականի նոյեմբերի 6-ին պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, նա չի կարող պահվել անազատության մեջ։

Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունել ու ասել է, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, որոնք ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Լևոն Քոչարյանը մասնակցել է Երևանում մի քանի օր տևող անհնազանդության ակցիաներին և սեպտեմբերի 22–ին ձերբակալվել է նման ակցիայի ժամանակ։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց գանգուղեղային վնասվածքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, թե Քոչարյանը 4 կարմիրբերետավորի է ծեծել։