AM
7 November 2023 - 06:54 AMT

Լևոն Քոչարյան․ Այն, ինչ ինձ հետ տեղի ունեցավ, զավեշտ էր

ԱԺ պատգամավորի մանդատ ստացած ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, նոյեմբերի 6–ի երեկոյան ազատ է արձակվել ՔԿՀ-ից։

Տեղում լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ այն, ինչ իր հետ տեղի ունեցավ, զավեշտ էր, հայտնում է Panorama.am-ը։

«Շատերն ականատեսը եղան, թե ինչպես կարող է 4 ոստիկան խոշտանգել մարդու, իսկ վերջում նա հայտնվի բանտում։ Արդեն մի քանի անգամ տեսնում ենք, թե ինչ իրավական «բեսպրեդելներ» է լինում և յուրաքանչյուր անգամ ապացուցում են, որ կարող են ավելին։ Այս առումով ես մենակ չեմ, շատ մարդիկ կան շինծու և հիմար մեղադրանքներով, որոնք այժմ գտնվում են բանտում։ Այս առումով ես նրանցից մեկն են»,- ասել է Քոչարյանը։

Հարցին, թե արդյո՞ք մանդատը վերցրել է ազատ արձակվելու համար, Քոչարյանն արձագանքել է․ «Ես հիմա չեմ խոսում մանդատից, այս ամեն ինչն ինձ համար անակնկալ էր։ Կարևորը, որ ես դրսում եմ, մնացածի մասին առիթ կլինի խոսելու»։

Հստակեցնող հարցին, թե արդյո՞ք պատգամավորական մանդատից զրկվելուց չի վախենում, Քոչարյանն ասել է, որ ամեն ինչ էլ սպասելի է։

«Էս մարդկանցից ես ամեն ինչ էլ սպասում եմ, ամեն ինչի էլ ընդունակ են, որովհետև այն, ինչ ինձ հետ տեղի ունեցավ, զավեշտ էր։ Իսկ մնացածի մասին հետագայում առիթներ կլինեն խոսելու»,– ասել է նա։

Ինչ վերաբերում է պահման պայմաններին, ապա Լևոն Քոչարյանն ասել է, որ պայմաններն այնպիսինն էին, ինչպես բոլորինը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ Լևոն Քոչարյանն ԱԺ մանդատ է ստացել «Հայաստան» խմբակցության կազմում։ «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված հերթական հաջորդ թեկնածուները՝ Միհրան Թոմի Մադաթյանը, Անժելա Սեդրակի Նալբանդյանը, Գերասիմ Ավետիկի Վարդանյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել ԿԸՀ։ Պատգամավորական մանդատը փոխանցվել է «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին։

Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նա մեղադրանքը չի ընդունել ու ասել է, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, որոնք ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Լևոն Քոչարյանը մասնակցել է Երևանում մի քանի օր տևող անհնազանդության ակցիաներին և սեպտեմբերի 22–ին ձերբակալվել է նման ակցիայի ժամանակ։ Նա տեղափոխվել էր հիվանդանոց գանգուղեղային վնասվածքով։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, թե Քոչարյանը 4 կարմիրբերետավորի է ծեծել։