AM
7 November 2023 - 07:52 AMT

Երևանի կենտրոնում որոշակի ժամերի կարգելվի բեռնատարների երթևեկությունը

Երևանի կենտրոնի բեռնաթափման համալիր ծրագրով առաջիկայում Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն հատվածներում, որը ներառում է մոտ 40 փողոց և պողոտա, կարգելվի երթևեկությունը ավելի քան 2.5 տոննա բեռնվածության զանգված ունեցող բեռնատարների համար: Այդ մասին ասվել է քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Սահմանափակումները կգործեն առավոտյան 07:00-ից մինչև 21:00-ն: Նախագիծը ներառում է նաև կայանատեղիների որոշակի և գնային, և գոտիավորման վերանայում:

«Սա մի ճանապարհ է, որով բոլորս միասին պետք է անցնենք՝ հանրային գրագետ հաղորդակցություն ապահովելով: Մարդիկ կարող են մտածել, որ ինչ-որ բան են թանկացնում, որպեսզի ավելի գումար հավաքեն, բայց իրականությունն այն է, որ Երևանի փոքր կենտրոնն ուղղակի արդեն ֆիզիկապես իր բեռնվածությամբ անանցանելի է դառնում, և սկսած կենտրոնից մենք որոշակի կարգավորումներ պետք է ստեղծենք՝ զուգահեռաբար զարգացնելով հանրային տրանսպորտը: Հանրային տրանսպորտը Երևանում պետք է ունենա առավելություն, և մարդիկ օգտվելիս պետք է վստահ լինեն, որ դա ավելի շահեկան է և՛ ֆինանսական, և՛ ժամանակի խնայողության տեսանկյունից»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: