2024-ին պաշտպանության բյուջեն 2018-ի համեմատ կավելանա 125 տոկոսով կամ 309 մլրդ դրամով։ Այդ հարցին Հանրային հեռուստատեսության եթերում անդրադարձել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը՝ նշելով, որ բյուջեի ավելացմանը նպաստել է վերջին տարիների տնտեսական աճը, ինչպես նաև վարչարարության բարելավումը։
2024 թվականի բյուջեի ավելացող մասը միայն 309 միլիարդ դրամ է, մինչդեռ 2018 թվականի նախատեսված ամբողջ տարվա բյուջեն կազմել է 247․9 միլիարդ դրամ։
Ավելի վաղ այդ մասին խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում՝ 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ։
«Պիտի արձանագրենք, որ մեր պաշտպանական ծախսերը էականորեն և առանցքային են: Մեզ համար առաջնային է մեր բանակի, մեր ԶՈՒ-ի բարեփոխումները։ Այս դինամիկան չի հակասում խաղաղության մեր օրակարգին։ Մարտունակ ԶՈՒ-եր ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է, պարտադիր ատրիբուտ ցանկացած պետության համար»,-ասել էր վարչապետը։
2023-ին ՀՀ ռազմական բյուջեն կազմել էր 505,8 մլրդ դրամ։ 2024-ին այն կկազմի 555 մլրդ դրամ։ Ընթացիկ ծախսերի աճը կավելանա 37․7 մլրդ դրամով։ Պաշտպանական բյուջեի ծախսերը նախատեսվում է իրականացնել հինգ ուղղություններով՝ պաշտպանության ապահովում ծրագիրը, ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններ, ռազմական ուսուցում և վերապատրաստում, միջազգային ռազմական համագործակցություն, հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ։