AM
7 November 2023 - 09:40 AMT

Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։

Այդ մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Տաթևիկ Պետրոսյանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի նոյեմբերի 8-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունենալիք ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպմանը»,- նշել է Պետրոսյանը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին Բիշքեկում։ Հոկտեմբերի 12-ին Բիշքեկում կայացած ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը։