AM
7 November 2023 - 10:24 AMT

Փաստաբան. Տաթևիկ Վիրաբյանն ազատ կարձակվի առաջիկա օրերին

Դատարանն արցախցի Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ տնային կալանք է կիրառել, նա ազատ կարձակվի առաջիկա օրերին։ Այդ մասին հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։

Տաթևիկ Վիրաբյանը մեղադրվում է սեպտեմբերին զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այդ անկարգություններին մասնակցելու համար։ Նա մեղքը չի ընդունում, հայտնում է «Ազատությունը»։

Փաստաբանն ավելի վաղ ասել էր, որ երկու անչափահաս երեխաների մայրը բանտում ուշագնաց էր եղել։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։