Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը բանաձև է ընդունել՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով Հայաստանին, «մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հայերին»։ Այդ մասին մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
Հանձնաժողովն ընդգծել է ԼՂ հայերի իրավունքները հարգելու անհրաժեշտությունը։
«Քիչ առաջ Ֆրանկոֆոնիայի խրհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովը ընդունեց բանաձև, որով «Իր անվերապահ աջակցությունն է հայտնում Հայաստանին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հայերին և ընդգծում նրանց իրավունքները հարգելու անհրաժեշտությունը` խստորեն դատապարտելով էթնիկ զտման բոլոր ձևերն ու Լեռնային Ղարաբաղում գտնվող կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացումը»,–ասվում է գրառման մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։