ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Սարդարյանը։
«Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ 2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջ․Հարությունյանի նկատմամբ դադարեցվեց արդարացնող հիմքով։
Մոտ 306 էջանոց Ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ թվով 11 փորձառու ռազմագետների կողմից միակարծիք փաստվեց, որ Ջ․Հարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ։
Ցավոք, չնայած այն հանգամանքին, որ նույն վերոգրյալ փորձագիտական եզրակացության բովանդակությունից ակնհայտ է, որ 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստների մասով Ջ․Հարությունյանի մեղքը առերևույթ բացակայում է, և որ դրա պատասխանատվությունը ամբողջությամբ Դ-20 դիվիզիոնի հրամանատարության վրա է, սակայն այս մասով հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել, ինչը խիստ մտահոգիչ է»,–ասվում է գրառման մեջ։ ։
Փաստաբանը նշել է նաև, որ մոտակա օրերին վերոգրյալ հանգամանքների մանրամասները կներկայացնի ասուլիսում։
Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր պատերազմական 2 դրվագով. առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։