AM
8 November 2023 - 07:38 AMT

Պապոյան. Արմեն Գրիգորյանի՝ Մոսկվա չմեկնելու որոշումը դեմարշ չէ

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը չի մասնակցի նոյեմբերի 8–ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալիք ԱՊՀ երկրների անվտանգության խորհրդի քարտուղարների հանդիպմանը։ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ, իր կարծիքով, Գրիգորյանի՝ Մոսկվա չմեկնելու որոշումը դեմարշ չէ։

Մի քանի օր առաջ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան «ցուցադրական հակառուսական ժեստ» էր որակել Գրիգորյանի մասնակցությունը Մալթայում Ուկրանիայի առաջարկած «խաղաղության բանաձևի» քննարկմանը։

«Եթե չկա Հայաստանին վերաբերող օրակարգ կամ հարցեր, որոնք Հայաստանը բարձրացնում է, և այնտեղ քննարկման առարկա չպիտի դառնան, ենթադրում եմ, որ նման մասնակցությունն ուղղակի զուտ տեխնիկական պատճառներով կարող է ոչ նպատակահարմար համարվել»,–ասել է նա, հայտնում է «Ազատությունը»։

Իշխանական պատգամավորը չի բացառել, որ հայտարարություններին նաև տնտեսական ու քաղաքական ճնշումներ կարող են հետևել, բայց հիմք չի տեսնում։

«Աննա Հակոբյանը գնացել է Կիև, հանդիպել է և մի քանի երեխաների մի քանի նվեր է տվել։ Ադրբեջանն ինքնաթիռներով ռազմական և տնտեսական ինչ աջակցություն ասես չի ցուցաբերում Ուկրաինային։ Էդ ո՞նց եղավ։ Կարո՞ղ է պատճառը նա է, որ Ադրբեջանի վրա Ռուսաստանն ընդհանրապես այլևս ազդեցության գործիք չունի, չնայած ատամները կրճտացնում է, բայց ձայն չի կարողանում հանել», – ասել է նա։

Արմեն Գրիգորյանը հայաստանցի միակ բարձրաստիճան պաշտոնյան չէ, որ չի մասնակցում Ռուսաստանի առաջնորդած կառույցների հանդիպումներին, վարչապետը չի մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, պաշտպանության նախարարը՝ ՀԱՊԿ ու ԱՊՀ պաշտոնակիցների հավաքին։ Պատճառները, սակայն, չեն հստակեցվել։ Հայաստանը չի մասնակցել նաև ՀԱՊԿ զորավարժություններին։

Վերջին շրջանում Երևանն ու Մոսկվան կոշտ հայտարարություններից զատ նաև կոնկրետ քայլերի են անցել, այդ թվում՝ բողոքի նոտաների փոխանակման։