Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենի և Բորիանա Աբերգի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ հայերի իրավունքների վերաբերյալ ԵԽԽՎ ընդունած բանաձևերը։
Վարչապետը ողջունել է համազեկուցողների այցը Հայաստան:
Փաշինյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի ԼՂ մեր հայրենակիցների բռնի տեղահանությանն ու ստեղծված հումանիտար իրավիճակին, դրա հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունն առկա խնդիրների լուծման գործում:
Վարչապետը կարևորել ՀՀ կառավարության ու Եվրոպայի խորհրդի սերտ համագործակցությունը, մասնավորապես, ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման և այլ ուղղություններով: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացումն ու բարեփոխումների օրակարգը ՀՀ կառավարության ռազմավարությունն է և հետևողական աշխատանքներն այդ ուղղությամբ կրելու են շարունակական բնույթ: Վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից հակակոռուպցիոն քաղաքականության շրջանակներում իրականացված և նախատեսվող քայլերը:
Վարչապետը վստահություն է հայտնել, որ բարեփոխումները նպաստել են նաև մեր երկրում տնտեսության ոլորտում ազատ մրցակցային միջավայրի ձևավորմանը և արձանագրվող տնտեսական աճին:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։