Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով քննության առնել ԱՀ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումները, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։
«Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում են ստացել Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ և հանգամանքը, որ Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրանքով, որ նմանատիպ հրապարակումները ՀՀ դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ և դրանք քննության առնի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Այն քաղաքացիներին, ովքեր ունեն տեղեկություններ կամ փաստեր վերոգրյալի կապակցությամբ, հորդորում ենք աջակցել գործընթացին և դրանք ներկայացնել ՀՀ իրավապահ մարմիններին»,–ասվում է հրապարակման մեջ։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։