«Հաղթանակ» կամրջի լուսավորությունը կարդիականացվի՝ ծրագրի իրականացման համար համայնքային բյուջեից նախատեսվել է մոտ 60 միլիոն դրամ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորությունը պարունակում է 3 գույն՝ իր 1,600,000 երանգով:
Նշվում է, որ գաղափարը կյանքի կոչելու արդյունքում հնարավորություն կընձեռնվի յուրաքանչյուր օր, ինչպես նաև պետական տոնացույցով նախատեսված օրերին և ՀՀ ժամանող պաշտոնական պատվիրակությունների այցերի ընթացքում կամուրջը ձևավորել տվյալ երկրների խորհրդանիշներով և համահունչ թեմատիկ այլ լուծումներով:
«Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման համար Երևանի քաղաքապետարանի և «Ավետիսյան Շին Մոնտաժ» ընկերության միջև, համաձայն գնումների օրենսդրության, 13/07/2023 թվականին կնքվել է աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագիր:
2023 թվականի հուլիսի 4-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտամեթոդական խորհրդին է ներկայացվել «Հաղթանակ» կամրջի գեղարվեստական լուսավորության արդիականացման էսքիզային տարբերակը, որը խորհրդի կողմից ստացել է դրական եզրակացություն:
Քանի որ կառույցն իր տեսակի մեջ համարվում է մայրաքաղաքի ամենաներկայանալի կամրջային կառուցվածքներից մեկը, իսկ զբոսաշրջության տեսանկյունից՝ քաղաքի կարևոր ճանապարհաշինական հանգույցներից, ընկերությունը պայմանագրի համաձայն պարտավորվել է ապահովել կամրջի գեղարվեստական տեսքը ժամանակակից լուսադիոդային լուծումներով»,–ասվում է գրառման մեջ։ :
Հաղթանակի կամուրջը Հրազդան գետի վրա յոթկամարանի կամուրջ է։ Կառույցի ճարտարագետն է Սիմոն Հովնանյանը, ճարտարապետներ՝ Արտաշես Մամիջանյան, Ա. Ասատրյան։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1945 թվականի նոյեմբեր 25-ին։ Ընդգրկված է Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։