ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանըhրատապ գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին՝ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում Վագիֆ Խաչատրյանի շուտափույթ վերադարձը Հայաստան ապահովելու համար։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ես գյուղացի մարդ եմ, ոչ թե՝ ահաբեկիչ»։ Այս խոսքերն է հնչեցրել հայազգի Վագիֆ Խաչատրյանը՝ ադրբեջանական դատարանում։ Վերջինիս ձերբակալումն ի սկզբանե եղել է ակնհայտ ռազմական հանցագործության շարունակություն, իսկ այս ամենից հետո նրա նկատմամբ իրականացվող քրեաիրավական գործընթացները՝ Ադրբեջանի նման տոտալիտար երկրում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վառ ապացույց։
Ադրբեջանը, լինելով ԵԽ անդամ երկիր, վավերացնելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան, այնուամենայնիվ ակնհայտորեն ձևական և կեղծ դատավարության իրականացման ժամանակ անգամ խախտել է ազգությամբ հայի՝ Վագիֆ Խաչատրյանի արդար դատաքննության իրավունքը։
Վագիֆ Խաչատրյանը հերքել է իր մասնակցությունը այսպես կոչված «Մեշալի դեպքերին» և հայերենով ներողություն խնդրել՝ բառացիորեն ասելով, որ այնտեղ չի եղել։ Այսինքն անձը փաստացի չի ընդունել իրեն առաջադրված քրեական մեղադրանքը, այնինչ թարգմանիչը՝ դիտավորյալ և ակնհայտորեն ադրբեջանական պետական քաղաքականության շրջանակներում վարվող հակահայ գործելաոճի տիրույթում գործելով, ներկաներին փոխանցել է, որ Խաչատրյանը ներողություն է խնդրում ադրբեջանական ժողովրդից այն բոլոր միջադեպերի համար, որոնք կատարել են հայերը։ Դատավարական ամբողջ պրոցեսում խեղաթյուրվել են Վագիֆ Խաչատրյանի մտքերը, արդյունքում՝ վերջինս դատապարտվել է 15 տարվա ազատազրկման»,–ասվում է գրառման մեջ։
Բաքոյանը խնդրել է քաղաքական մակարդակով արձանագրել, որ Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ իրականացվող դատավարությունն ամբողջությամբ կեղծ է և նպատակ ունի քողարկել Ադրբեջանի հանցավոր հակահայ գործունեությունը և իրականացված ռազմական հանցագործությունները։
Վագիֆ Խաչատրյանը ընտանիքի անդամների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 11-ին, ոչինչ չի փոխանցել, միայն հետաքրքրվել է ընտանիքի անդամներից: Նրա դուստրը՝ Վեռա Խաչատրյանը ասել է, որ շոկի մեջ են նրա դատապարտման լուրից ու բացի լրատվամիջոցների տարածած տեղեկություններից այլ տեղեկություններ չունեն, գրում է Aravot.am-ը։
https://www.aravot.am/2023/11/08/1381454/
«Դեռևս չենք սթափվել երեկվա լուրից, հենց հասկանանք՝ ի վիճակի ենք որևւէ տեղ դիմելու, անպայման կխորհրդակցեմ համապատասխան մարմինների հետ ու եթե լինի որևէ հավանականություն ինչ-որ բան փոխելու, անպայման ամեն ինչ կանենք: Այս պահին, իրականում, չեմ կարողանում նույնիսկ ինչ-որ բան մտածել», – ասել է Վեռա Խաչատրյանը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը, անդրադառնալով ԼՂ-ի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանին 15 տարվա ազատազրկման դատապարտելու Բաքվի դատարանի որոշմանը, նշել է, որ դատարանի կայացրած որոշումը հակասում է ցանկացած նորմի, այդ թվում՝ միջազգային մարդասիրական իրավունքին:
Խաչատրյանն առևանգվել էր հուլիսին ադրբեջանական ուժերի կողմից, երբ Կարմիր խաչը նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի շտապ վիրահատության համար։ Դա տեղի է ունեցել Հակարի կամրջի վրա ապօրինաբար տեղադրված անցակետում: Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։