AM
9 November 2023 - 08:09 AMT

Կառավարության նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ

ՀՀ կառավարության հերթական նիստը սկսվել է մեկ րոպե լռությամբ։ Ներկաները հարգել են 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը, որից հետո սկսվել է օրակարգային հարցերի քննարկումը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 104,200 անձ ստացել է միանվագ 100,000-ական դրամ աջակցությունը։

Նա նշել է, որ աջակցություն ստացածներից 75,725-ը չափահաս է, 28,475-ը՝ անչափահաս, մոտ 15,000-ը՝ թոշակառու։

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ, ինչպես նաև Մերձավոր Արևելքից զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ։ 44 օր տևած պատերազմն ուղեկցվել է Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների լայնածավալ խախտումներով, պատերազմական հանցագործություններով և զանգվածային այլ ոճրագործություններով։ Ադրբեջանը հետևողականորեն խոչընդոտում էր հումանիտար հրադադար հաստատելու միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, ինչի հետևանքով նախարարական մակարդակով ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախաձեռնությամբ համաձայնեցված երեք հրադադարներն այդպես էլ կյանքի չկոչվեցին։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կրակի դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը, որին հետևեց ՌԴ խաղաղապահների մուտքը Լեռնային Ղարաբաղ, դադարեցրեց Ադրբեջանի ագրեսիան։ Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին Հադրութը։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։