Հայաստանի հանրապետական կուսակցության ուսանողական և երիտասարդական թևն Սուրբ Աննա կաթողիկե եկեղեցու մոտից Երևանի կենտրոնական փողոցներով երթ–ակցիա է անցկացրել ընդդեմ Արցախի հանձնման։ ՀՀԿ երիտթևն այս ակցիայով նաև հիշեցրել է, որ 2020 թ. այս օրը սկսվել է Արցախը հանձնելու գործընթացը։
Ակցիայի մասնակիցները լուռ քայլել են` ցուցապաստառներ պարզած, որոնց վրա նշված էին Արցախի կորսված շրջանների ու գյուղերի անվանումները, գրում է Sputnik Արմենիան։
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ լուռ երթը տեսանելի կերպով հատ առ հատ կներկայացնի բոլոր այն բնակավայրերն ու կոթողները, որոնք կորցրել ենք Ադրբեջանի ագրեսիայի ու Հայաստանի իշխանությունների դավաճանական գործողությունների հետևանքով։
«Այդ բնակավայրերի ու կոթողների անունները դաջված են յուրաքանչյուր հայի սրտում։ Դրանք բաց վերք են։ Արնաքամ վերքի հատուցումն իրեն չի ուշացնի»,– ընդգծել է Մամիջանյանը։
Ըստ նրա` այս օրվա բոլորիս ցավը պետք է վերափոխվի ցասման։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների առաջ քաշած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին` Մամիջանյանը նշել է, որ երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղաղության մասին է խոսում, ապա արյուն և ցավ է բերում։
«Փաշինյանն ինչ հակահայկական գործողություն կատարի, բրենդավորելու է խաղաղություն բառով։ Մի քանի օր առաջ նա հայտարարում էր, որ կապիտուլյացիան և հող հանձնելն արդեն խորհրդանիշ ունեն։ Այսուհետև լոգոյի տակ են հող հանձելու»,– նշել է նա։
ՀՀԿ երիտասարդական թևը քայլերթն ավարտել է ՀՀ Ազգային ժողովի մոտ, նրանք դարպասներին են փակցրել Արցախի կորսված բնակավայրերի անուններով ցուցապաստառները։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։