AM
10 November 2023 - 08:02 AMT

Մանսկու գրառումից հետո Թատերականը չեղարկել է «Արտդոկֆեստի» անցկացումը բուհում

«Արտդոկֆեստ» փառատոնի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկու ֆեյսբուքյան վերջին հրապարակումից հետո Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը որոշում է կայացրել չեղարկել նոյեմբերի 23-26-ը փառատոնի անցկացումը բուհում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ինստիտուտի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Վովա Արզումանյանը։

«Արտդոկֆեստ» փառատոնն արգելված է Ռուսաստանում, ուստի այն 2022–ին «արտագաղթել» էր Հայաստան:

Մանսկին Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից լուսանկար է հրապարակել, ընդ որում՝ ոչ պատահական մի օր, և բուռն ոգևորությամբ գրել է, որ արդեն երկու անգամ իրեն բախտ է վիճակվում Ադրբեջանի «հաղթանակի օրով» լինել այդ երկրում, հայտնում է «Առավոտը»։

Մանսկին նաև գրել է, թե այնքան է տպավորվել առաջին անգամ «հաղթանակի օրվանից» , որ հիմա եկել է Բաքու հատուկ նկարելու տոնական մթնոլորտը:

Ավելի ուշ ռեժիսորը փակել է գրառումը, այն այլևս հանրային չէ:

«Մանսկին ժամանակին եղել է Արցախում, նկարել է Բաքվի հայտնի դեպքերը, եղել է նաև Լաչինում: Իսկ 2015թլ իր «Գիրքը» ֆիլմի պրեմիերային անգամ սիրո խոստովանություն է արել հայերին ու Հայաստանին»,–ասվում է հրապարակման մեջ:

«Արտդոկֆեստի արձագանքը Երևանում» փառատոնի շրջանակում 2022–ին Հայաստանում էր նաև փառատոնի նախագահ, ռեժիսոր Վիտալի Մանսկին, ում «Գորբաչով. Դրախտ» ֆիլմը ցուցադրվեց Հայաստանում, ռեժիսորն էլ առիթն օգտագործեց խոսելու հայրենիքը լքած ռուս միգրանտների, ռուս-ուկրաինական անարդար պատերազմի մասին: Նաև ասաց. «Պատերազմը մեր բոլորի տանն է»: