AM
10 November 2023 - 10:36 AMT

ԼՂ–ից բռնի տեղահանված վարորդները կարող են ԱՊՊԱ պայմանագիր կնքել 50% ցածր վճարով

Արցախից բռնի տեղահանված և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդները կարող են իրենց ավտոմեքենան ապահովագրել 50 տոկոս ցածր վճարով, հայտնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սույն թվականի հոկտեմբերի 31-ին գրանցվել են Բյուրոյի խորհրդի կողմից հաստատված՝ «ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ» RL 1-001 կանոններում (այսուհետ՝ Կանոններ) կատարված լրացումները:

Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 15-ին։

Հաշվի առնելով Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանման արդյունքում ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը ՀՀ տարածք և նկատի ունենալով ստեղծված սոցիալական իրավիճակի պայմաններում պարտադիր ապահովագրման պահանջի իրականացմանն աջակցելու՝ ապահովագրական ընկերությունների պատրաստակամությունը՝ սահմանվել է, որ Արցախից ՀՀ տարածք մուտք եղած Ավտոտրանսպորտային միջոցների գծով մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց էլեկտրոնային եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի ապահովագրավճարների հաշվարկում պետք է հիմք ընդունվի 50 տոկոսի չափով ավելի ցածր հիմնական ապահովագրավճար, եթե այդ ավտոտրանսպորտային միջոցը միաժամանակ բավարարում է հետևյալ պայմաններին.

1.ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված է Արցախի Հանրապետությունում,

2.մինչև 2020 թվականի արտադրության է,

3.չի հանդիսանում պետական կամ համայնքային սեփականություն,

4.սեփականության իրավունքն ապահովադրի անվամբ գրանցվել է մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը։

Կանոնների համապատասխան դրույթն ուժի մեջ մտնելուց հետո դրա ինկորպորացված տարբերակը կտեղադրվի Բյուրոյի ինտերնետային կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Բյուրոյի կանոններ» ենթաբաժնում։