AM
10 November 2023 - 10:58 AMT

ԱՀ ԱԺ պատգամավոր. Սահակյանը և Ղուկասյանը մեկ օր անգամ Արցախից չբացակայեցին, իսկ Վարդանյանը ցույց տվեց` հայրենիքի հանդեպ զգացումը դրա ցավով ապրելն է

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, անդրադառնալով Բաքվի բանտում գտնվող ԱՀ նախկին պաշտոնյաների վերջին տարիների գործունեությանը, ասել է, որ ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը մեկ օր անգամ Արցախից չբացակայեցին, իսկ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ցույց տվեց, որ հայրենիքի նկատմամբ զգացումը կոմֆորտ կյանքը, ճոխությունները չեն, այլ հայրենիքի ցավ ու դարդով ապրելը, հայտնում է «Առավոտը»։

«Եթե հեռարձակվեր օգոստոսի լույս 30-ի մեծ խորհրդակցությունը, այսօր շատ-շատերը, որոնք փորձել են այլ հայացքով նայել Արցախի նախկին նախագահներին, հաստատ կփոխեին իրենց վերաբերմունքը: Այդ օրն իրենք ևս խոսել են: Եվ դահլիճում բոլոր նստածները տեսնում, հասկանում և զգում էին, որ իրենց առջև նրանք ամենայն անկեղծությամբ, առանց որևէ բան թաքցնելու իրենց կարծիքն են ասում և խոսում իրենց զգացողությունների մասին: Այս երեք տարիների ընթացքում թե Բակո Սահակյանը, թե Արկադի Ղուկասյանը այլ երկրում կամ Հայաստանում ապրելու բազմաթիվ հնարավորություններ ունեին: Սակայն նրանք մեկ օր անգամ Արցախից չբացակայեցին: Եվ այդ ամբողջ ժամանակահատվածում չխանգարեցին Արցախի ներքաղաքական կյանքին: Այսինքն, որևէ ճնշում, ստիպողականություն չգործադրեցին ոչ Արցախի իշխանությունների, ոչ ընդդիմության, ոչ Ազգային ժողովի վրա: Նրանք, ինչպես վայել է նախկին արժանապատիվ նախագահներին, միշտ եղել են խորհրդատուի կարգավիճակում, տարիների իրենց փորձը փոխանցել: Բայց որևէ անգամ անտարբեր չեն եղել: Եվ ամենակարևորը, որ այս երեք տարիներին զգացել եմ իրենց գործողություններում, դա եղել է համախմբման ձգտումը: Միշտ փորձել են բոլոր քաղաքական ուժերին համախմբել:

Իսկ Ռուբեն Վարդանյանը երբ եկավ Արցախ, սկզբում մեր համար անհասկանալի էր, որովհետև Արցախն այդքան դավաճանություններից հետո՝ արդեն դժվարությամբ էր մարդկանց ընդունում ու հասկանում: Անգամ, երբ նա սկսեց կտրուկ փոփոխություններից ու մեծ ծրագրերից խոսել, դեռևս հասկանալի չէր: Բայց կարճ ժամանակ հետո Ռուբեն Վարդանյանը կարողացավ ցույց տալ, որ ինքը մեզնից մեկն է»,–ասել է պատգամավորը:

Նա նշել է, որ Վարդանյանը նույնիսկ Քոլատակ գյուղում էր տուն գնել ու ապրում էր այնտեղ:

«Ամեն օր գալիս էր Ստեփանակերտ և գնում, մինչև վառելիքի խնդրի սրանալը: Ինքն այդ ընթացքում բազմաթիվ ծրագրեր իրականացրեց, որպեսզի կարողանա շրջափակման ընթացքում թեթևացնել ժողովրդի կյանքը»,-ասել է Հակոբյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։