AM
10 November 2023 - 13:33 AMT

ԱԳ փոխնախարար. Խաղաղության պայմանագրի մի շարք հարցերում տարաձայնություններ կան

Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի մի շարք հարցերում տարաձայնություններ ունեն: Այդ մասին նոյեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Մեզ համար շարունակում է սկզբունքային մնալ սահմանագծի հստակեցման հարցը։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավոր փաստաթղթի անկյունաքարը պետք է լինի 2 երկրների միջև սահմանագծի ամրագրումը։ Կարևոր հարցերից է մնում նաև ապաշրջափակման գործընթացի չորս սկզբունքների արձանագրումը, որոնք նաև արձանագրված են Գրանադայի հայտարարության մեջ։ Կարևոր է լինելու նաև վեճերի կարգավորման հստակ մեխանիզմի ստեղծումը»,- նշել է Կոստանյանը, գրում է CivilNet–ը։

Նա հավելել է, որ սրանք այն հարցերն են, որոնց շուրջ երկու կողմերը պետք է մոտեցնեն դիրքորոշումները։

Փոխնախարարը նաև հայտարարել է, որ այս պահին Հայաստան-Ադրբեջան բարձր մակարդակով որևէ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։

«Այս պահին որևէ հստակ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ Առաջնորդների մակարդակով հանդիպում տեղի չի ունեցել, բայց միջնորդները որոշակի աշխատանք են տանում՝ նոր հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։ Սպասում ենք, որ նոր հանդիպում տեղի կունենա․ հանդիպման մակարդակի, վայրի և միջնորդի մասին այս պահին կդժվարանամ ասել»,- նշել է նա։

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը, անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին, ասել էր, որ գուցե ակտիվ հանդիպումներ չկան, բայց այն զգուշավոր լավատեսությունը, որ ունեն խաղաղության պայմանագրի՝ 2024-ին կնքման հետ, պահպանվում է, քանի որ, մեծ հաշվով, հիմնական առանցքային հարցերի շուրջ ըմբռնում կա։

Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ սահմանազատման համար որևէ քարտեզի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել։ Բաքուն միևնույն ժամանակ 8 գյուղ հանձնելու պահանջ է ներկայացրել Հայաստանին։