AM
11 November 2023 - 09:05 AMT

Վարչապետը Փարիզում կարևորել է Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու առաջարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության 6-րդ համաժողովի» շրջանակում «Համագործակցությունը մրցակցության պայմաններում, խաղաղության կերտում և ավելի ապահով աշխարհի կառուցում» թեմայով պանելային քննարկման ժամանակ անդրադարձել է Եվրամիության ընդլայնման գործընթացին և ողջունել է ԵՄ Հանձնաժողովի որոշումը, որով առաջարկվում է Եվրոպական խորհրդին թեկնածուի կարգավիճակ շնորհել Վրաստանին։

«Առաջին հերթին ցանկանում եմ ողջունել ԵՄ Հանձնաժողովի որոշումը, որով առաջարկվում է Եվրոպական խորհրդին թեկնածուի կարգավիճակ շնորհել Վրաստանին։ Սա շատ կարևոր է։ Ես հիմա չեմ շնորհավորի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, ես պաշտոնապես կշնորհավորեմ, երբ Եվրոպական խորհուրդը որոշում կկայացնի։ Կարծում ենք` սա շատ կարևոր գործընթաց է, և մենք շատ ուշադիր հետևում ենք զարգացումներին: Մենք հույս ունենք և մաղթում ենք ամենայն հաջողություն Վրաստանին այս ճանապարհին։

Դժբախտաբար, ինչպես վարչապետ Ղարիբաշվիլին ասաց, մենք աշխարհում ունենք բազմաթիվ կոնֆլիկտներ, և մեր միասնական խնդիրն է շարունակել աշխատել հասցեագրելու բոլոր կոնֆլիկտները՝ հասկանալով, որ դա հեշտ բան չէ։ Եթե դա հեշտ լիներ, վաղուց լուծված կլիներ։ Դժբախտաբար, հիմա մենք մի իրավիճակում ենք, երբ ինքներս…: Մեր անձնական և քաղաքական պարտականությունն է հասցեագրել կոնֆլիկտը և անել առավելագույնը հաջողության հասնելու համար»,–ասել է վարչապետը։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենն առաջարկել է Վրաստանին Եվրամիությանն անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ տալ՝ «այն ընկալմամբ, որ երկրի կառավարությունը կարևոր քայլեր է ձեռնարկում բարեփոխումների ուղղությամբ»

2022 թ. հունիսին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ ստացան Ուկրաինան և Մոլդովան, իսկ Վրաստանը՝ ոչ, քանի որ մի շարք պայմաններ չէր կատարել։ Ըստ Բորելի՝ Վրաստանը 12 հանձնարարականից միայն 3–ն էր կատարել։ Ըստ ԵՄ առաջադրած պայմանների, Վրաստանը պետք է հետևի ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցներին, պայքարի քաղաքական բևեռացման դեմ, ապահովի ազատ և արդար ընտրությունների անցկացումը 2024 թվականին։