AM
13 November 2023 - 08:46 AMT

Կոտրել են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետների՝ Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ դրված ծաղկեպսակները

Հաղթանակի զբոսայգում նոյեմբերի 12–ի Հիշատակի օրվա միջոցառումից հետո, որի շրջանակում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները ծաղկեպսակներ են դրել Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ, անհայտ անձինք կոտրել են պսակները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը։

«Այսօր Հաղթանակի զբոսայգում աշխարհամարտի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ ծաղկեպսակներ էին տեղադրվել Երևանում հավատարմագրված մի քանի դեսպանությունների կողմից։ Անյայտ անձինք կոտրել են ԱՄՆ-ի, Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Ուկրաինայի դեսպանությունների պսակները ու դրանք դեն նետել։ Ուզում եմ հասկանալ այդ մարդկանց տրամաբանությունը»,–գրել է նա։

Նոյեմբերի 12–ի առավոտյան դեսպանությունների ներկայացուցիչների մասնակցութամբ Հաղթանակի զբոսայգում տեղի է ունեցել Հակամարտություններում զոհված և վիրավորում ստացված անձանց հիշատակի արարողություն: Միացյալ Թագավորության Գործերի ժամանակավոր հավատարմատար Փոլ Մորիսին միացել են Հայաստանում գործող դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հայ պաշտոնյաներ, բրիտանական և Համագործակցության երկրների համայնքների ներկայացուցիչներ և այլոք՝ ծաղկեպսակներ և ծաղիկներ դնելու Երևանի «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի մոտ և երկու րոպե լռությամբ հարգելու նրանց հիշատակը, ովքեր զոհվել են հակամարտությունների հետևանքով:

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր՝ ամեն տարի նոյեմբերի 11-ի մոտակա կիրակին Միացյալ Թագավորությունը և Բրիտանական համագործակցության մյուս երկրները նշում են Հիշատակի օրը՝ հարգելու բոլոր հակամարտություններում զոհվածների հիշատակը: Այդ օրը Միացյալ Թագավորությունում ընտրվել է որպես հիշատակի օր Առաջին աշխարհամարտից ավարտից ի վեր, երբ 1918 թվականի տասնմեկերորդ ամսի տասնմեկերորդ օրվա տասնմեկերորդ ժամին լռել են զենքերը։ Ասվում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանության հաղորդագրության մեջ։