AM
15 November 2023 - 08:09 AMT

Միրզոյանը Լոնդոնում ընդգծել է ԼՂ-ում տեղի ունեցածն իր անունով կոչելու կարևորությունը

Նոյեմբերի 14-ին Լոնդոնում Միացյալ Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիշա Քերնսի հետ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածն իր անունով կոչելու կարևորությունը, այդ հարցում խորհրդարանական շրջանակների դերը, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանի կողմից էթնիկ զտման հետևանքով ավելի քան 100 հազար բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների հասցեագրման ուղղությամբ, այդ թվում՝ նաև միջազգային գործընկերների հետ փոխգործակցությամբ, իրականացվող քայլերին:

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-բրիտանական քաղաքական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի, առկա համագործակցությանն ու հեռանկարներին, և այս համատեքստում արժևորվել է նախօրեին ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության մեկնարկը:

ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանում առկա անվտանգային և հումանիտար իրավիճակը՝ ընդգծելով խաղաղության օրակարգի առաջմղման հարցում ներգրավված բոլոր կողմերի կողմից հանրային, հստակ հանձնառության արտահայտման կարևորությունը:

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման շուրջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։