Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հնարավորություն կա նաև Վաշինգտոնում շարունակելու խաղաղության պայմանագրի բանակցությունները։
«Հայաստանը պատրաստակամ է, հուսանք, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա», – ասել է Գրիգորյանը, հայտնում է «Ազատությունը»։
ԱԽ քարտուղարը հիշեցրել է, որ վերջերս տարածաշրջանում էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն։
«Նա քննարկում էր հնարավոր հանդիպումները: Իհարկե, դրանք վերջնական չեն, բայց այցի նպատակներից մեկը հանդիպում կազմակերպելն է»,–ասել է նա:
Այն հարցին, թե ինչո՞ւ ոչ Մոսկվայում, Գրիգորյանը պատասխանել է. «Մենք գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում և որտեղ այս պահին հնարավորություն ենք տեսնում, որտեղից մեզ հստակ առաջարկներ են եղել: Ես տեղյակ չեմ Մոսկվայից առաջարկների մասին»:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայտարարել էր, որ հուսով են, որ առաջիկա ամիսներին կստորագրեն խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ հիմնվելով Բրյուսելում կայացած բանակցություններում համաձայնեցված հետևյալ երեք սկզբունքների վրա։ Նա ասել էր, որ եկել է խոսելու խաղաղության մասին, թեև Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետությանն անվանել «Արևմտյան Ադրբեջան»՝ հայերի էթնիկ զտման իր պլանի նվազագույնն իրագործելուց հետո։
Նա նշել էր, որ Ադրբեջանի դպրոցներում, բուհերում, ԶԼՄ-ներում քարոզվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը, որը ՀՀ դեմ նոր պատերազմ նախապատրաստելու հայեցակարգ է։