ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցառումներին չմասնակցելով՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ևս մեկ հարվածի տակ են դնում երկրի անվտանգությունը։
«Այս պարագայում, երբ ՀՀ–ն և Արցախը գտնվում են լուրջ, բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, և սպառնալիքները խորանում են, ՀԱՊԿ միջոցառումներին չգնալը ևս մեկ վտանգի տակ է դնում Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի անվտանգությունը։ Մենք այս դաշինքի անդամ ենք և այդ դաշինքի շրջանակներում պետք է ձևավորենք մեր հարաբերությունները»,–ասել է Օհանյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով` շատ դեպքերում հարաբերությունների վատթարացումը նաև կախված է եղել Հայաստանի իշխանություններից։
Օհանյանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ–ն այն կազմակերպությունն է, որ ձևավորվել է Խորհրդային Միության փլուզումից հետո, և այդ ձևավորման ակունքներում կանգնած է եղել նաև ՀՀ–ն։
«Պարզ է, որ հարաբերությունների մեջ կան խնդիրներ, պարզ է, որ այնքան էլ դյուրին չի եղել այն ամբողջ ճանապարհը, որ ձևավորվել է ՀԱՊԿ–ը, բայց ստեղծվել է պայմանաիրավագրային մի ամբողջ փաթեթ, մանավանդ ռազմական կոմպոնենտի մեջ ՀՀ–ն մեծ ներգրավվածություն է ունեցել դրանց զարգացման հարցերում։ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի, խաղաղապահ ուժերի ձևավորման օրինակ է եղել ՀՀ–ն, ռազմական կոմիտեի` գլխավոր շտաբերի պետերի համար հարթակ ձևավորելու նախաձեռնությունը Հայաստանինն է եղել»,–ասել է նա։
Ըստ Օհանյանի ՀՀ–ն պետք է մասնակցի ՀԱՊԿ–ի բոլոր միջոցառումներին և առկա խնդիրները բարձրացնի։ Նրա խոսքով ՀԱՊԿ–ի վրա երբեմն այնպիսի խնդիրներ է դրվում, որը պետք է իրականացնի ՀՀ–ն։
«ՀԱՊԿ–ի ոչ մի երկի չի գալու ամրապնդի մեր երկրի սահմանները, ոչ մի երկիր չի գալու մեր սահմաններում, ռազմավարական կետերում խրամատներ փորի։ ՀԱՊԿ–ի խնդիրն ավելի գլոբալ է»,–ասել է նա։
2022 թվականի նոյեմբերի 23-ին ՀԱՊԿ գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և ՀՀ–ին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը, քանի որ այն վերջնական տեսքի չի բերվել։ Հայաստանը ՀԱՊԿ–ից քաղաքական գնահատական էր պահանջում Ադրբեջանի կողմից 2022–ի սեպտեմբերյան ագրեսիայի հետ կապված։ Դրանից հետո Հայաստանը չմասնակցեց ՀԱՊԿ զորավարժություններին, հրաժարվեց այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին։ Այդ մասին նա տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցում, որը տեղի է ունեցել բելառուսական կողմի նախաձեռնությամբ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերները ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այն տեղեկությունը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՀԱՊԿ գագաթնաժողովին և ափսոսանք հայտնել այդ կապակցությամբ։