Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասել է, որ այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցում, այլևս հնարավոր չէր առնվազն 1996 թվականի դեկտեմբերին Լիսաբոնում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո։
«Նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի «կոնսենսուս մինուս 1»-ին (Փաշինյանի խոսքով՝ մինուս մեկը Հայաստանն էր,–խմբ.) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում և ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է և անպայման լինելու է, մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում միայն մեկ նպատակ ունեին՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա»,- հայտարարել է Փաշինյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նրա խոսքով՝ այդ մարդկանց ռազմավարական սցենարն էր Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար։
«Թույլ չտալ որևէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչև դրա լուծման պահին հնարավոր չլինի լուծել նաև ՀՀ հարցն այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե ՀՀ-ն դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն»,- շեշտել է Փաշինյանը։
Ըստ կառավարության ղեկավարի՝ առնվազն 1996-ից ի վեր Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել, փոխարենը գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց։
Նա պնդում է, որ 1998թ․, 1999 թ․ (նկատի ունի հոկտեմբերի 27-ը,–խմբ.), 2020 և 2023թթ․ իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում։
Վարչապետն ինքն իրեն հարց ուղղեց՝ իսկ արդյոք չէի՞նք կարող այս ամենն ավելի վաղ հասկանալ՝ առանց այս աղետների, ողբերգությունների միջով անցնելու, ապա հավելել, որ մեր երկրին պատուհասած վերջին տարիների աղետները կարող էինք կանխարգելել, եթե ունենայինք մտածելակերպի փոփոխություն։
«Իսկ դա ոչ թե դժվար, այլ անհնար էր, քանի որ դեռևս կոմունիստական ձևավորված հայրենասիրական ծայրագավառային մոդելը մեզ չպետք է թույլ տար դա անել»,– ընդգծել է նա։
Ըստ Փաշինյանի` հենց հիմա ՀՀ–ում մտածողության փոփոխություն է տեղի ունենում՝ փոխարինելու է գալիս հայրենասիրության պետական մոդելը։ Մասնավորապես, հայրենիքը պետություն է, իսկ եթե սիրում ես հայրենիքդ, ուրեմն պետք է ուժեղացնես պետությունը, լինես օրինապահ, վճարես հարկերը և այլն։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։