Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանում Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կամ զարգացումը սպառնալիք է մեր երկրի անվտանգությանը։
«Մենք ունենք արցախահայության մեծ խնդիր։ Այնտեղ պետականություն ստեղծելու կամ այստեղ պետականության ինստիտուտներ պահելու և զարգացնելու նպատակ ես չեմ տեսնում, համարում եմ, որ դա Հայաստանի Հանրապետության անվտանգությանը ուղիղ սպառնալիք է և հարված։Կոչ եմ անում մնացած բոլոր գործընկերներին նույն տրամաբանությամբ շարժվել», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Ալեն Սիմոնյանը, հայտնում է Panorama.am-ը։
Ավելի վաղ նման կարծիք էր հայտնել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ Մարուքյանը, մեկնաբանելով Արցախի պետական ինստիտուտների՝ ՀՀ-ում պահպանման հնարավորությունը, բացառել է այն՝ ասելով, թե դա կարող է վտանգել ՀՀ ազգային անվտանգությունը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։