AM
16 November 2023 - 13:32 AMT

Փոխքաղաքապետը՝ ամանորյա լուսավորության մասին․ Հրապարակի շենքների վրա կրկին անցքեր կբացվեն, կօգտագործվեն և էլի կլցվեն

Երևանի Հանրապետության հրապարակի ամանորյա ձևավորման համար այս տարի հարակից շենքերի վրա կրկին անցքեր կբացվեն, բայց դրանք կլինեն ավելի քիչ թվով։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

Նա վստահեցրել է, որ այս տարի շենքերի վրա ոչ մի նոր անցք չի բացվի` կօգտագործվեն նախորդ տարվանները, գրում է Sputnik Արմենիան։

«Ինչպես անցած տարի խոստացել էինք, բոլոր բացված անցքերը փակեցինք։ Այս տարի նորից կբացվեն այդ անցքերը, կօգտագործվեն և ինչպես անցած անգամ` էլի կլցվեն»,– ասել է նա։

Փոխքաղաքապետը նշել է, որ շենքերի վրա անցքերը քիչ կլինեն, քանի որ հատուկ Հանրապետության հրապարակի ձևավորման համար կպատրաստվեն թեթև մետաղական կոնստրուկցիաներ, որոնց վրա էլ կամրացվեն լույսերը։

«Հիմա հարց կտաք ինչո՞ւ անցած տարի այդպես չարեցինք. որովհետև ժամկետն անցած տարի սեղմ էր կապված Մանկական Եվրատեսիլի բացման արարողության հետ»,– ասել է Գրիգորյանը։

Անդրադառնալով Երևանի ամանորյա ձևավորման համար նախատեսված ծախսերին` փոխքաղաքապետը հայտարարել է, որ իրերի համար գումար գրեթե չի ծախսվի, քանի որ կօգտագործվի անցած տարի ձեռք բերված գույքը, միայն կկատարվեն վերանորոգման աշխատանքներ։

«Անցած տարի, երբ գույք էինք ձեռք բերում, ամանորյա լուսավորության սարքավորութմներ էինք ձեռք բերում, շատ քննարկումներ եղան, թե ինչքանով է արդարացված, ինքանով` ոչ։ Մի տարի անց կարևոր է արձանագրել, որ, այո՛,արդարացված է, որովհետև սա մեկանգամյա օգտագործման գույք չէր դա, այս տարի արդեն մեր ասածի ապացույցը տեսնում ենք, կտեսնենք նաև հետագա տարիներին»,– ասել է նա։

Փոխքաղաքապետը տեղեկացրել է նաև, որ այս տարի լրացուցիչ բյուջե կտրամադրվի ամանորյա տոնավաճառի համար, որը անցած տարի, ըստ նրա, որակապես այնքան լավը չէր։

Մայրաքաղաքի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն դեկտեմբերի 10-15-ը։

2022–ին Ամանորյա զարդարման աշխատանքների արդյունքում հրապարակի պատմական շենքերի վրա տոնական լուսավորության տեղադրման նպատակով բազմաթիվ անցքեր էին բբացվել։ Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել էր պարտավորություն տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով: