ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակել նոյեմբերի 17–ի առավոտյան ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մասնաշենքում տեղի ունեցած պայթյունից։ Սենյակը նախատեսված է պոմպակայանի համար, որը ծառայում է նաև որպես աշխատակիցների հանդերձարան։ Կից սենյակը քիմիական նյութերի պահեստն է, որտեղ հրդեհ չի եղել:
Նշվում է, որ քիմիկների կողմից տեղում իրականացվել է հետախուզում. օդում վտանգավոր գազեր չեն հայտնաբերվել։
Աշխատակիցներից մեկը զոհվել է տեղում, երեք անձ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում՝ մեկը պարեկային ծառայության աշխատակից, որը ծխահարումով հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է բավարար։
Դեպքի վայրում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցներն իրականացնում են համապատասխան գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։
ԵՊՀ քիմիայի մասնաշենքի պարետ Էռնեստ Թովմասյանն ասել է, որ հասցրել են երկուսին օգնել, երրորդին արդեն չեն կարողացել հանել՝ «ծուխ էր, խեղդվում էինք», հայտնում է «Հայկական ժամանակը»։
«Ես սենյակում էի, ձայներ լսեցի, դուրս եկա, պայթյուն չեմ լսել, ձայն լսել եմ: Պահեստներ են, հանդերձարան, այդտեղ ուսանողներ չեն մտնում: Խառն էր բոլորիս գլուխը, մոտ 9:30 էր»,- մանրամասնել է նա՝ հավելելով, որ անձամբ ճանաչում է զոհվածին։
«Տղամարդ է, մոտ 60 տարեկան, անձամբ ճանաչում եմ՝ կանաչապատման աշխատակիցներից էր»,–ասել է նա։
Նոյեմբերի 17-ին, ժամը 09.37-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղային հարկում (100 քմ) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.11-ին, մարվել՝ ժամը 10.23-ին։ Կոմպրեսորային սենյակում այրվել են կենցաղային իրեր և փայտյա կառուցատարրեր։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, Երևան քաղաքի և Փրկարարական ուժերի վարչությունների հրշեջ-փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի խումբը և բժշկական ապահովման վարչության խումբը։