AM
17 November 2023 - 12:17 AMT

Երևանի նոր գլխավոր հատակագիծ կմշակվի

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները: Գործընկեր կառույցների աջակցությամբ կհավաքվեն ու կհամադրվեն քաղաքում առկա անհրաժեշտ բոլոր տվյալները, որոնք էլ կդառնան հիմք՝ նախագիծը կյանքի կոչելու համար: Այդ մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Գլխավոր հատակագիծը ներկայացնում է Երևանի զարգացման գլխավոր ռազմավարությունը, քաղաքի գլխավոր քաղաքաշինական հիմքն է: Այսօրվա քննարկումից հետո բավականին արագ կերպով կսկսենք համախմբել բոլորիս ուժերը, որպեսզի ստանանք Երևանի զարգացման տեսլականը»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Կադաստրի կոմիտեն, հանդիսանալով տարածական տվյալների ենթակառուցվածքի և գեոդեզիայի ու քարտեզագրության ոլորտը համակարգող պետական լիազոր մարմին, պատրաստակամություն է հայտնել որոշակի տեղեկատվության փոխանակման ու Երևանի կադաստրային քարտեզներն ուղղելու ու սահմանները ճշտելու գործում»,- ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Նշվել է, որ քաղաքի ռազմավարական զարգացումն ապահովող կարևորագույն այս փաստաթուղթն արդեն հնացած է, չի համապատասխանում առկա պահանջներին: Ավելին՝ տարիներ շարունակ անկանոն կառուցապատման հետևանքով առաջացել են տարատեսակ շեղումներ:

Նշվում է, որ «Երևաննախագիծն» այժմ նախապատրաստական աշխատանքներ է տանում: Համայնքի ու գործադիրի թիմին կմիանա նաև Ճարտարապետների պալատը: