Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, Բրիտանական համագործակցության երկրների և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին նոյեմբերի 20-ին կժամանի Երևան՝ մեկնարկելով իր տարածշրջանային այցը։ Այդ մասին հայտնել է ՀՀ–ում Միացյալ Թագավորության դեսպանատունը։
Նշվում է, որ Եվրոպայի հարցերով նախարարը ժամանում է Երևան՝ նոր թափ հաղորդելու անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսությանը, որի ընթացքում երկու կողմերը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունն առևտրի, անվտանգության և օրենքի գերակայության ոլորտներում։
«Դոքերթին Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցի ընթացքում կընդգծի ՄԹ հաստատուն աջակցությունն այդ երկրների ինքնիշխանությանն ու անվտանգությանը:
Նախարար Դոքերթին կընդգծի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար։
Տարվա ընթացքում տարածաշրջան կատարելիք երրորդ այցի ընթացքում նա կքննարկի Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգերը և կխթանի Միացյալ Թագավորության փորձը՝ աջակցելու Ադրբեջանի անցմանը վերականգնվող էներգիային։
Ռուսաստանի հարավային սահմանին գտնվող տարածաշրջանը շարունակում է խոցելի մնալ արտաքին միջամտության նկատմամբ, մինչ վերականգնվում է հակամարտության հետևանքներից և փորձում է առաջ մղել բարեփոխումների օրակարգերը՝ ի նպաստ ազատության ու անկախության ժողովրդավարական ընտրության»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 2023–ին երեք երկրների հետ կայացած պաշտոնական ռազմավարական երկխոսությունների վրա՝ նախարար Դոքերթին կառաջարկի ընդլայնել առևտրի և անվտանգության ոլորտներում համագործակցության շրջանակը՝ տնտեսությունների դիվերսիֆիկացմանը և Ռուսաստանից Եվրոպայի կախվածության նվազեցմանը նպաստելու համար:
Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Երևան ժամանելուց առաջ ասել է.
«Հարավային Կովկասն առերեսվում է տարածաշրջանի կայունությանը սպառնացող անվտանգային զգալի մարտահրավերների՝ ինչպես ներքին, այնպես էլ հարևան երկրների կողմից։ Անկայուն տարածաշրջանում Միացյալ Թագավորությունը հուսալի գործընկեր է բարեփոխումների, խաղաղության և կայունության համար»:
Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ նախարար Դոքերթին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կհորդորի արդյունավետ ներգրավվածություն ունենալ միջազգային միջնորդությամբ ընթացող բանակցություններում՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։
Սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ սատարելու Լեռնային Ղարաբաղում և ավելի լայն տարածաշրջանում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցությանը:
Նշվում է նաև, որ Միացյալ Թագավորությունն առաջին երկրներից էր, որն աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին ականազերծման գործում՝ տրամադրելով սարքավորումներ և տեղական իշխանությունների համար դասընթացներ ականազերծման վերաբերյալ։ Նախարար Դոքերթին Բաքու է ժամանում հենց այն ընթացում, երբ ՄԹ-ն շարունակում է գործակցությունը՝ իր աջակցությունը տրամադրելով պայթուցիկ զինամթերքի ոչնչացման մասնագիտացված դասընթացների անցկացման համար, որոնք անհրաժեշտ հմտություններ կապահովեն բարձր վտանգավորության միջավայրում աշխատելու համար։
Թբիլիսիում նա կհաստատի ՄԹ աներկբա աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կաջակցի նրա եվրաատլանտյան ձգտումներին՝ Վրաստանի կառավարության և ժողովրդի կամքին համահունչ: