ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 19-ին Մանամայում Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի հետ հանդիպմանը ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային իրավիճակը, ինչպես նաև ՀՀ մոտեցումները տարածաշրջանում տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ:
Արարատ Միրզոյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտմանը, առկա խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք չեն հեշտացնում նաև Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղին։ Վերահաստատելով ՀՀ հանձնառությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է տարածքային ամբողջականության փոխադարձ, առանց երկիմաստությունների ճանաչման, 1991թ. Ալմաթիի հռչակագրի և ԽՍՀՄ ամենաթարմ քարտեզների հիման վրա սահմանազատման, ինչպես նաև երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում Ադրբեջանի կողմից ամուր հանձնառության արտահայտման անհրաժեշտությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգային հարցեր: Երկուստեք ընդգծվել է տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման պատրաստակամությունը՝ կարևորելով այդ ուղղությամբ երկու ԱԳՆ-ների միջև պարբերական խորհրդակցությունները, անհրաժեշտ իրավապայմանագային դաշտի ձևավորումը, համատեղ միջոցառումների և բարձրաստիճան այցերի կազմակերպումը։ Որպես երկկողմ հարաբերությունների հեռանկարային ուղղություններ Արարատ Միրզոյանը մատնանշել է առևտրատնտեսական, քաղաքացիական ավիացիայի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառները՝ կարևորելով նաև ներդրումների խրախուսման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
Նշելով, որ Հայաստանը կարևորում է Ծոցի արաբական երկրների հետ փոխշահավետ հարաբերությունների խորացումը՝ ՀՀ ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ ծրագիրը գրավիչ կլինի նաև մերձավորարևելյան երկրների, այդ թվում՝ Բահրեյնի համար։ Երկուստեք ողջունվել է համանման ծրագրերով խաղաղության օրակարգն առաջ մղելու տեսլականը։
Հանդիպման օրակարգում են եղել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումները:
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։