AM
21 November 2023 - 11:57 AMT

ԱԳՆ. ՀՀ–ն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ Հայաստանն ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Համաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի հրապարակային հայտարարության՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու վերաբերյալ, հայկական կողմը Ադրբեջանին է ներկայացրել համաձայնագրի իր 6-րդ առաջարկը», – ասվում է գրառման մեջ։

Փաշինյանը ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ-ն նվիրված է խաղաղության օրակարգին և մտադիր է ակտիվացնել դիվանագիտական ջանքերն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հասնելու համար։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանը 2 ամսից ավելի է չի պատասխանում խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի ուղարկած վերջին մեկնաբանություններին։